Home
20.08.2018 | 06:35
home mail us contacts
Լեզու ->  
Անդամներ Կադրերի հրապարակ Առևտրի հրապարակ
Բաժանորդագրություն Տեղեկատվություն Աճուրդներ Մրցույթներ և գնումներ Online խորհրդատվություն Գրադարան Օրենսդրություն Բիզնես նորություններ Գրանցում
Բիզնես նորություններ
Ընթացիկ     Արխիվացված
03.05.2017 
Փոխնախարարը ներկայացրեց վերջին ամիսների ձեռքբերումները


Հայաստանի էներգետիկ ոլորտում վերջին վեց ամիսների ընթացքում իրականացվել են բավականին ծավալուն աշխատանքներ՝ հիմականում կապված տարածաշրջանային առեւտրի եւ արտահանման խթանման, ինչպես նաեւ ներքին սպառողի համար ավելի հարմարավետ ռեժիմների սահմանման հետ։ Այս մասին երեկ ասուլիսում հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը՝ ամփոփելով իրականացված աշխատանքները։
Անդրադառնալով էներգախնայողության ոլորտին՝ նախարարի տեղակալը հիշեցրեց, որ 2016թ. դեկտեմբերին հաստատվեց 2016—2018թթ. էներգախնայողության ազգային ծրագրի երկրորդ փուլը, որով նախատեսվում են մի շարք միջոցառումներ բոլոր ոլորտներում՝ ուղղված 2010թ. հաստատված էներգախնայողության 10 տարվա ազգային ծրագրի նպատակների իրականացմանը։ Հ. Հարությունյանի խոսքով, նախատեսվում են հստակ միջոցառումներ՝ նախանշված գրեթե բոլոր գերատեսչությունների համար, որպեսզի 2020թ. ապահովվի առաջնային էներգիայի սպառման խնայողություն 38,6 տոկոսի չափով՝ 2010թ. համեմատությամբ։ Առաջնային էներգիայի ծախսը ներառում է եւ էլեկտրաներգիան, եւ գազը, եւ դիզելային վառելիքը, եւ փայտամթերքը. այսինքն՝ այն բոլոր նյութերը, որոնք օգտագործվում են, որպես վառելիք։
«Մշակվել է շենքերի էներգաարդյունավետության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը, որով հստակ կարգավորվում է շենքերի էներգաարդյունավետության ոլորտը, սահմանվում են մի շարք չափանիշներ, որոնք նպատակ ունեն բարձրացնելու էներգաարդյունավետության մակարդակը շինարարության ոլորտում։ Նախորդ տարի օրենսդրական փոփոխությունների արդյունքում էներգախնայող շինարարությունն այլեւս դարձավ պարտադիր, եւ այս տեխնիկական կանոնակարգի նպատակն է այդ պարտադիր նորմն իրականացման փուլ տեղափոխելը։ Այս տարվա սկզբին հրապարակվեց 2015թ. էներգետիկ հաշվեկշիռը, որի կազմումը այսուհետեւ եւս դրված է կանոնավոր հիմքերի վրա։ Այն հրապարակվելու է յուրաքանչյուր տարի, ինչը լավ հիմք է հասկանալու համար, թե ինչ ենք սպառում, որտեղ ունենք խնայողության ռեսուրս եւ հավելյալ աշխատանքի կարիք»,— նշեց բանախոսը։
Մշակվել են մի շարք ստանդարտներ՝ ուղղված էներգետիկ ոլորտի կարգավորման տարբեր ուղղություններին։ Հ. Հարությունյանի խոսքով, այդ ոլորտում կատարվել է ահռելի աշխատանք։ Վերականագնվող էներգետիկայի ոլորտում հայտարարվել է միջազգային մրցույթ Մասրիկում 55 ՄՎտ արեւային կայանի կառուցման համար։ Մրցույթի առաջին՝ նախաորակավորման փուլում նախատեսվում է ընտրել ներդրողներին հստակ ցուցանիշների համապատասխան՝ սկսած համապատասխան փորձից, ըստ որի՝ պետք է առնվազն 100 ՄՎտ հզորությամբ կայաններ կառուցած լինեն նախկինում. «Այս ցուցանիշների նպատակը մեկն է, որպեսզի կարողանանք պրոֆեսիոնալ փորձով լուրջ կազմակերպություններ ներգրավել, իսկ մրցույթի ֆինանսական պայմանագրի ավարտը նախատեսվում է 2018թ. երկրորդ եռամսյակում։ Բավականին երկար եւ ծավալուն մրցույթ է լինելու, քանի որ էներգետիկ համակարգում առաջին անգամ ենք նման սակագին սահմանելու։ Երկար նախապատրաստական փուլից հետո հույս ունենք այս ամենի արդյունքում ունենալ ռեկորդային ցածր սակագին արեւային ֆոտովոլտային կայանների համար. այն կլինի ջերմային կայանների սակագնից ցածր եւ հիդրոէներգետիկ ոլորտի սակագների տրամաբանության շրջանակներում։ Հաշվի առնելով Հայաստանում արեւային հարուստ ռեսուրսների առկայությունն ու ներդրողների համար ստեղծված լավ պայմանները՝ մեր կողմից սպասվող սակագինը աշխարհի մակարդակով ռեկորդային կլինի»։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալը նկատեց, որ սեփական կարիքների համար արեւային ֆոտովոլտային վահանակների տեղադրումը Հայաստանում արդեն իսկ լայն տարածում է ունենում, ավելի քան 100 տեղադրումներ կան բնակելի տների տանիքների վրա։ Նա վստահեցրեց՝ տեմպերն աճում են մեծ արագությամբ, ոլորտում գործում է մոտ երեք տասնյակ ընկերություն, որոնք բավականին խոշոր միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ են. «Ձեռք է բերվել բավականին հարուստ փորձ։ Առկա են նաեւ ներդրումային ծրագրեր, որոնք միտված են Հայաստանում հիմնելու արեւային պանելների արտադրություն։ Հույս ունենք շուտով բացել նմանատիպ առաջին գործարանը։ Ոլորտը հիմա որակապես բոլորովին այլ մակարդակի վրա է, քան մեկ տարի առաջ։ Իսկ արեւային ջրատաքացուցիչների ոլորտում մեր երկրում արդեն առկա է ավելի քան 2 հազար տեղադրում. այս արտադրանքը եւս դառնում է մասսայական։ Այս տարվա մարտին Արմավիրի մարզի Լեռնամերձ համայնքում իրականացվեց գյուղի կենցաղային ջրի կարիքներն ամբողջովին արեւային ջրատաքացուցիչներով ապահովելու ծրագիր։ Մոտ 80 տների տանիքներին տեղադրվեցին նման տաքացուցիչներ, իսկ 25—ի վրա՝ նաեւ արեւային ֆոտովոլտային համակարգեր։ Այս ամենի հետ մեկտեղ համայնքը հագեցվել է էներգախնայող LED—լամպերով։ Ծրագրի արժեքը կազմել է մոտ 40 մլն ՀՀ դրամ»։
Հ. Հարությունյանը տեղեկացրեց, որ Լեռնամերձ համայնքում նախկինում առկա էր խնդիր՝ կապված գազաֆիկացման բացակայության հետ։ Հաշվարկները ցույց էին տվել, որ գազաֆիկացումը մոտ երեք անգամ ավելի թանկ կարժենա, քան արեւային ջրատաքացուցիչներով հագեցումը. բացի այդ, երկրորդ տարբերակի պարագայում բնակիչները այլեւս չեն վճարելու ստացված էներգիայի համար։ Փոխնախարարը վստահեցրեց՝ Լեռնամերձի օրինակը գազաֆիկացումից զուրկ փոքր համայնքները մատչելի էներգետիկ ռեսուրսներով ապահովելու ծրագրի սկիզբն է։ Այլ համայնքների համար եւս ներկայումս ուսումնասիրվում են ծրագրի իրականացման հնարավորությունները. «Լուսավոր սահման» նախաձեռնության շրջանակներում 12 սահմանամերձ գյուղ ամբողջովին համալրվել է էներգախնայող LED—լամպերով։ Յուրաքանչյուր շաբաթ Հայաստանի եւ Արցախի սահմանապահ հերթական գյուղում իրականացվում է այս ծրագիրը»։
Հ. Հարությունյանը հիշեցրեց, որ 2016թ. ընդունվել է ՀՀ հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգը, ներկայումս մշակվում են հայեցակարգի իրականացման համար անհրաժեշտ բոլոր քայլերի ցանկը։ Նա տեղեկացրեց, որ ակտիվ քննարկումներ են ծավալվում բոլոր շահագրգիռ կողմերի հետ, ինչի նպատակն է ունենալ որակապես այլ հիդրոէներգետիկ համակարգ. «Նախորդ տարվա նոյեմբերին մինչեւ 1 ՄՎտ հզորության արեւային կայանների համար սահմանվեց սակագին, որից հետո բավականին մեծ ակտիվություն նկատվեց ոլորտում։ Ներկայումս մի քանի կայան կառուցման փուլում է, շատ տնտեսավարողներ պատրաստվում են դիմել այդ լիցենզիայի համար։ Նախատեսում ենք 2017—2018թթ. մինչեւ 10 նման կայան ունենալ Հայաստանում, որոնցից առաջինները շահագործման կհանձնվեն արդեն այս տարվա ամռանը»։
«Քարքար» երկրաջերմային կայանի մասին խոսելով՝ փոխնախարարը հիշեցրեց, որ նախորդ տարի իրականացվեցին հորատման աշխատանքներ. արդեն կա երկու հորատանցք՝ 1495 եւ 1682 մետր խորության վրա։ Նախնական երկրաբանական գնահատականը տեղանքի երկրաջերմային ռեսուրսի վերաբերյալ հաստատվել է, ներկայումս մշակվում է ծրագրի տեխնիկա—տնտեսական հիմնավորումը, իսկ 2017թ. ընթացքում իրականացվելու են խորհրդակցություններ հնարավոր ներդրողների հետ՝ եւս մեկ հորատանցքի կարիքի վերաբերյալ. «Սա տեխնիկապես շատ բարդ ծրագիր է, որը նախատեսվում է մրցույթի ներկայացնել 2018թ. վերջին՝ արդյունքում կառուցելով մոտ 30 ՄՎտ հզորությամբ կայան»։
Ատոմային էներգետիկայի ոլորտում ՀԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը շարունակվում է ըստ ժամանակացույցի, չնախատեսված խնդիրներ չկան։ Ավելին, ըստ փոխնախարարի, առկա են մի շարք խնայողություններ՝ նախատեսված նախագծային հաշվարկներով. «Ատոմակայանը մայիսից մինչեւ հուլիս ամսվա առաջին կեսը կդադարեցնի աշխատանքները պլանային վերանորոգման նպատակով, եւս մեկ պլանային վերանորոգում կիրականացվի 2018թ., ինչով կավարտվեն ատոմային էներգաբլոկի շահագործման երկարացման բոլոր աշխատանքները»։ Ինչ վերաբերում է ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցմանը եւ նախատեսվող հզորությանը, Հ. Հարությունյանը նշեց, որ ներկայումս դիտարկվում են տարբեր սցենարներ, ուսումնասիրվում են բազմաբնույթ տեխնոլոգիաներ. «Այս պահին հստակ ներդրող չկա, նախագիծը դեռ պլանային փուլում է։ Կարող ենք ասել միայն, որ նոր էներգաբլոկը կկառուցվի այն ժամանակ, երբ հինը շահագործումից դուրս կգա»։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալի վստահեցմամբ, բավականին ծավալուն աշխատանք է կատարվել էներգետիկայի մասին օրենքում փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ։ Մոտակա տարիներին նախատեսվում են շուկայի ազատականացման հստակ քայլեր, նպատակ կա կառուցելու սկզբունքորեն այլ էներգահամակարգ, որի անհրաժեշտությունը բխում է թե ներքին շուկայի կարգավորումներից եւ թե տարածաշրջանային առեւտրի զարգացման անհրաժեշտությունից. «Օրենսդրական փոփոխությունների փաթեթը ներկայացվել է կառավարություն եւ շուտով կհանձնվի Խորհրդարանի քննարկմանը։ Դա թույլ կտա ունենալ շուկայի ազատականացման գործողությունների հստակ ծրագիր, բաշխման եւ մատակարարման գործառույթների տարանջատում, ոլորտի բավականին խոշոր բարեփոխումներ տարածաշրջանային առեւտրի կազմակերպման համար»։
Փոխնախարարը հիշեցրեց նաեւ, որ 2017թ. նվազեցվեցին էլեկտրաէներգիայի եւ գազի սակագները։ Դրա հետ մեկտեղ, այս տարվա առաջին եռամսյակի արդյունքում առկա են բավականին դրական միտումներ էլեկտրաէներգիայի արտադրության եւ արտահանման ոլորտում. արտադրությունն աճել է մոտ 9,3 տոկոսով, արտահանումը եւ ներքին սպառումը եւս աճել են. «2016թ. ընթացքում կրճատվել է հայկական էլեկտրական ցանցերում կորուստների թիվը, ավելացել է հիդրոէներգետիկայի մասնաբաժինն էներգետիկ համակարգում։ Սա դրական ազդեցություն ունի էներգետիկայի ողջ համակարգի կայունության եւ հեռանկարային զարգացման համար»։
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

asaa 
Լոգին
Լոգին:
Գաղտնաբառ:
 
Մոռացել եք գաղտնաբառը? | Գրանցում

Որոնում
Որոնվող բառ:
 

Որոնել:
  Անդամներ
  Կադրերի հրապարակ
  Առևտրի հրապարակ
  Տեղեկատվություն
  Աճուրդներ
  Մրցույթներ և գնումներ
  Գրադարան
  Օրենսդրություն
  Բիզնես նորություններ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
USAID CAPS
Ստեփանակերտի կոնյակի գործարան
FSMB
Բաժանորդագրություն | Տեղեկատվություն | Աճուրդներ | Մրցույթներ և գնումներ | Online խորհրդատվություն | Գրադարան | Օրենսդրություն | Բիզնես նորություններ | Գրանցում
Անդամներ | Կադրերի հրապարակ | Առևտրի հրապարակ
Հեղինակային իրավունք | Գաղտնիության քաղաքականություն